Սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 մարմին մայրաքաղաք տեղափոխելու նպատակով, հայտնել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Նրա հաղորդմամբ՝ վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում եղել է 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:
«Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։ Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում»,- ասված է հայտարարության մեջ։
Մարտերը շփման գծի երկայնքով լուսադեմին տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս»,- ասված է Արցախի ՊՆ հայտարարության մեջ: