Հայաստանցի մի շարք գիտնականներ Արցախի հարցով հանդես են եկել հայտարարությամբ և պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայտարարության մեջ ասված է․
«Մենք` ներքոստորագրյալներս, մեր անհանգստությունն ենք հայտնում Արցախում ստեղծված օրհասական վիճակի վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարությանը։ Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ավելի քան 120 000 քաղաքացի սովամահ է լինում։ Ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի հայտարարությունները, օգտագործվող գործիքակազմը և քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի անմարդկային, ահաբեկիչներին հատուկ քաղաքականության վերջնանպատակն արցախահայության էթնիկ զտմանը հասնելն է, նրանց հազարամյակների ընթացքում անփոփոխ բնօրրանից զրկելն է»,-ասված էհայտարարության մեջ։
Գիտնականները հիշեցրել են ցեղասպանության վտանգի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին, մատնանշել են Արցախում մարդու տարրական իրավունքների խախտումներն ու դիմել են ՀՀ Կառավարությանը։
«Մենք, առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի.
1. հանձն առնել իր վրա դրված հիմնական պարտավորությունը՝ ցույց տալ և ուղղորդել ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի հայությանը ինչպես իրենց ամենօրյա քայլերով նպաստեն ներկայիս օրհասական վիճակից դուրս գալուն։
2. անհապաղ մշակել և ներկայացնել թիրախային գործողությունների ծրագիր՝ ներգրավելով հասարակության բոլոր հիմնական շերտերը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացման ճանապարհային քարտեզով։
3. դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել մասնագետների և այլ կարող ուժերի, Հայաստանից և Սփյուռքից՝ Արցախ տանող Բերձորի միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու համար՝ համաձայն ԱՄԴ վճռի։
4. միավորել ջանքերը՝ նպաստելով Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը:
Կոչ ենք անում բոլոր գիտնականներին ու հետազոտողներին միանալ այս հայտարարությանը»,-ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել է 49 գիտնական։