Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև նմանատիպ հանդիպումներ պարբերաբար տեղի են ունենում, իրավասու չեմ մանրամասներ ներկայացնել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով փետրվարի 24-ին ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։
«Դա մարդասիրական հարց է, այլ բան չկա։ Նման հանդիպումներ պարբերաբար տեղի են ունենում, սակայն ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին՝ նման հանդիպում եղել է, թե ոչ, բանակցել են, թե ոչ»,- ասաց Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության անմիջական մասնակցությամբ հանդիպում է կայացել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ։ Բանակցությունները շարունակվում են Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: