Տեղեկություններ կան, որ հինգշաբթի օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կհայտարարի ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը, սորին ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչև 2021թ․ փետրվար: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ:
Մեզ ասացին, որ այդ հարաբերությունները ձևավորվել են գործի բերումով` 2020 թ. ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների շրջանից, երբ Իոաննիսյանը, նաև ՀՀ պետբյուջեից ստացած գրանտով, իրականացնում էր Արցախի ընտրությունների դիտարկումը։ Արցախի դատախազի հանձնարարությամբ դիտորդների հետ աշխատել է ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը»,-գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ վերջին օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել և փետրվարի 23-ին հանդես է գալու ուղերձով, որի ընթացքում անդրադառնալու է Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին, հետագա քայլերին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։