ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ակտիվացնել ջանքերը Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։
«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը։ ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի իր ջանքերը՝ վերջ դնելու մարդածին մարդասիրական ճգնաժամին»,- գրել է նա Twitter-ում:
Կոնգրեսականը նշել է, որ հպարտ է լինել երկկուսակցական բանաձևի համահեղինակ, որը «դատապարտում է այս անմարդկային շրջափակումը և կոչ է անում Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: