Խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները մեկնաբանել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ ճանապարհի մի հատվածի փակումը, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի շուրջ։
Քննարկումների երրորդ փուլ
Երևանը Բաքվից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի արձագանքները, ըստ էության, հայկական կողմի առաջարկների արձագանքն են, և սա կարելի է առաջարկների քննարկման երրորդ փուլ անվանել։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը նախքան տարեվերջ, այո՛, չի կարելի բացառել»,- ասաց նա։
Բաքվի բնապահպանական սադրանքը
Անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանական կողմից Հայաստանն Արցախին կապող ճանապարհի փակմանը, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Հայաստանի և Արցախից հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ։
«Ցանկացած խոչընդոտող երևույթ կամ դետալ, բնականաբար, անընդունելի է մեզ համար։ Այն, ինչ տեղի է ունեցել օրեր առաջ Լաչինի միջանցքի տարածքում և որի արդյունքում դե ֆակտո այն փակվել է, խնդրահարույց է։ Կարծում ենք՝ ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն»,- ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախը Հայաստանին կապող մայրուղին բացվել էր 3 ժամ բանակցություններից հետո։ Այդ մասին դիտեք Armenia Today-ի ռեպորտաժը։
Արցախի ինքնորոշման իրավունքը
Թե՛ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, թե՛ միջազգային գործընկերների հետ առանձին հանդիպումների և զրույցների ժամանակ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հատվածում առավելագույն ուշադրությունը փորձում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարցի էությունը, ինչպես և ի սկզբանե Հայաստանի դիրքորոշումն է եղել, արցախցիների ինքնորոշման իրավունքի շրջանակում է եղել, և փորձում ենք փաստերի և փաստարկների լեզվով հնարավորինս ապացուցողական տվյալներ ներկայացնել, թե ինչու է կարևոր արցախցիների հենց գոյութենական խնդիրների վերհանումը, ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Մարիա Կարապետյանը հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանն առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ, հակառակ պարագայում կստացվի, թե ԼՂ հիմնախնիրն իսկապես տարածքային վեճ է։
«Հայաստանը չպետք է ներքաշվի տարածքային վեճի մեջ։ Մենք հարևան երկրի տարածքի հետ վիճարկմամբ չէ, որ այդ հակամարտության մասին դիրքորոշում ունենք»,- ասաց Կարապետյանը։
Արցախցիները պետք է ինքնորոշվեն միջազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն՝ համապատասխան օրենքներից և միջազգային իրավունքներից ելնելով՝ եզրափակեց Աղաջանյանը։
«Արցախյան հիմնախնդրի էությունը ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր է եղել, կա և շարունակում է մնալ»,- ասաց նա։