Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ շարունակվող բանակցությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին, Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, «դրա տարբեր ասպեկտների, խաղաղության համաձայնագրի շուրջ առկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման ջանքերի մասին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ էին վարել հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում: Բանակցությունները տևել էին ավելի քան հինգ ժամ։ Հայաստանի ԱԳՆ-ն հանդիպումը «հաջողված» էր անվանել և հայտարարել, որ այն կարող է լուրջ հիմք հանդիսանալ խաղաղ գործընթացի հետագա իրականացման համար:
Հուլիսի 16-ին Փաշինյանը չէր բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Հուլիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը «սարերի հետևում չէ»։