Ադրբեջանական կողմը Ռուսաստանի քննչական կոմիտեին է փոխանցել հավաքված ապացույցներ, որոնք հաստատում են երկու ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և սպանության փաստը Եկատերինբուրգում, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նրա խոսքով՝ ՌԴ քննչական կոմիտեն տվյալ միջադեպով առանձին վարույթ է իրականացնում։ Նա նշել է, որ Բաքվի և Մոսկվայի միջև պահվում են մշտական կապեր՝ ինչպես Քննչական կոմիտեի, այնպես էլ Գլխավոր դատախազության մակարդակով։
«Հարուցել ենք քրեական գործ մեր քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության փաստով։ Իրականացված փորձաքննությունները հաստատել են, որ մահվան պատճառ են դարձել խոշտանգումները, ծեծը և մարմնական ծանր վնասվածքները»,- նշել է դատախազը։
Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր իսկ հետաքննությունը և ակնկալում է, որ ռուսական քննչական մարմիններն իրենց սկսած գործը կհասցնեն ավարտին։
Հունիսի 27-ին Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները հատուկ գործողություն էին իրականացրել Եկատերինբուրգում բնակվող ադրբեջանցիների տներում։ Արդյունքում՝ երկու մարդ զոհվել էր, մի քանիսը՝ վնասվածքներ ստացել։ Երկու երկրների հարաբերությունները լարվել էին: