Վրաստանը շարունակում է պայքարել անօրինական միգրանտների դեմ և նմանօրինակ միջոցառումների շրջանակում վերջին օրերին երկրից արտաքսվել է ևս 25 օտարերկրացի, հայտնում է Sputnik Грузия-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Ըստ հաղորդագրության՝ նրանք Եգիպտոսի, Թուրքիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներ են։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվում է կրկին մուտք գործել Վրաստան։ Օրենքով՝ օտարերկրացին կենթարկվի արտաքսման և երկիր մուտք գործելու երեք տարվա արգելքի՝ մանր խուլիգանության, օրենքի պահանջը չկատարելու կամ ոստիկանության աշխատակցի, պետական անվտանգության ծառայության, Արդարադատության նախարարության գլխավոր տեսչության կամ պետական կամ քաղաքական պաշտոնատար անձի նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու համար։
Նմանատիպ պատիժ կկիրառվի նաև ժողովներ և ցույցեր անցկացնելու կանոնները խախտելու կամ արգելված հանրահավաքին մասնակցելու համար։
Հուլիսի 21-ին Հայաստանն ու Վրաստանն ստորագրել էին երկու երկրներում անօրինական բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր։