Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ ռուսական կողմին բողոք է ներկայացվել «երկու երկրների միջև հարաբերություններին վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի կապակցությամբ», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվում առանձին վրդովմունք են առաջացրել ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, որտեղ Ադրբեջանի ձերբակալված և կալանավորված քաղաքացիների մասին օգտագործվում է «էթնիկ հանցավոր խումբ» ձևակերպումը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում երկու երկրների հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ ՔԿ-ն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում տեղի ունեցած հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Բաքվում ձերբակալվել են նաև ռուս լրագրողներ, ինչն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու պատճառ էր դարձել: