Ռուսաստանի ԱԳՆ-ն Բաքվում ռուս լրագրողների՝ Sputnik Ադրբեջան-ի խմբագիր Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին հրավիրել է նախարարություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պաշտոնական Մոսկվան Ադրբեջանի իշխանությունների գործողությունները որակել է որպես «ոչ բարեկամական», իսկ ռուս լրագրողների ձերբակալությունը՝ «ապօրինի»։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30-ին հայտարարել է ռուսական Sputnik գործակալության Բաքվի գրասենյակում «գործողությունների անցկացման» մասին:
Россия сегодня-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները մեկնել են գրասենյակ, սակայն չեն կարողացել շփվել լրագրողների հետ։ Վերջիններս, որոնց թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ, հնարավոր է՝ զրկված են հեռախոսային կապից։
Շուտով գործակալության գրասենյակ է ժամանել ՌԴ դեսպանատան ավտոմեքենան, բայց դիվանագետներին ներս չեն թողել։ Ոստիկանությունը հրավիրել է Sputnik-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր գրասենյակում չէին գտնվում։ Տարածքը շրջափակել են Ադրբեջանի ուժային կառույցները։
Ավելի ուշ հաղորդվել է, որ ձերբակալվել են Sputnik Ադրբեջան-ի խմբագրության ղեկավար Կարտավիխը և գլխավոր խմբագիր Բելոուսովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 28-ին բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Եկատերինբուրգում իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որտեղ ձերբակալվել էր ինը ադրբեջանցի: Հունիսի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքու այցի չեղարկման մասին: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են երկրում Ռուսաստանի մասնակցությամբ մշակութային միջոցառումները, իսկ երկրի խորհրդարանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլն ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումների կապակցությամբ։