Վրաստանի իշխանությունները հայտարարել են 2025 թվականի հուլիսի 1-ից Թբիլիսիում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնի փակման մասին, հայտնում է BM.ge պորտալը։
Նշվում է, որ կենտրոնի աշխատակիցներն ստացել են ծանուցումներ գործունեության դադարեցման մասին: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ կենտրոնի գործառույթները կփոխանցվեն գերատեսչությանը, ինչը, նրանց խոսքով, վերակազմավորման նախագծի միայն մի մասն է, այլ ոչ թե եվրատլանտյան կուրսից հրաժարվելը:
Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը, որը հիմնադրվել էր 2005 թվականին, ստեղծվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացի մասին քաղաքացիներին ծանոթացնելու համար: 2013 թվականին այս առաքելությանը գումարվել էր նոր ուղղություն՝ Եվրոպական Միության և նրա գործունեության գաղափարների հանրահռչակումը։ 2017 թվականից կենտրոնն աշխատում է Արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո:
2024 թվականի նոյեմբերին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցրել էր ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը՝ Բրյուսելին մեղադրելով «շանտաժի» և երկրի գործերին «միջամտելու» մեջ։