Աբխազիայի Օչամչիրի շրջանում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար նախատեսվում է ստեղծել նյութատեխնիկական բազա, Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ հայտնել է հանրապետության նախագահ Բադրա Գունբան։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում Ռուսաստանի լիարժեք ռազմածովային բազա դեռևս չկա, սակայն նախատեսվում է ստեղծել օբյեկտ, որը հատուկ կծառայի Սևծովյան նավատորմի կարիքներին։ Նախագծի իրականացման ճշգրիտ ժամկետները դեռ չեն սահմանվել։ Նախագահը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի և Աբխազիայի համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում երկու երկրների գերատեսչությունների միջև։
2017 թվականից Օչամչիրում գործում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պահակային նավերի բազավորման կետ։ Ավելի վաղ՝ 2023 թվականին, հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Աբխազիան ստորագրել են Սևծովյան ափին Ռուսաստանի Ռազմածովային ուժերի մշտական բազավորման կետ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր։