ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա, «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին:
«Արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»,- հավելել է խոսնակը։
Մայիսի 21-ին Ալիևն ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան անվանել էր տարածաշրջանում խաղաղության պայման։ Ադրբեջանի նախագահն ընդգծել էր, որ այդ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի կայանա: Նա նշել էր, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար «պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրվեն»։
Բաքուն վերջին տարիներին բազմիցս հայտարարել է Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը բանակցություններում քննարկելու հանգամանքը։ 2025 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն անվանել էր Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղղակի ոտնձգություն։