Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը» կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևն ընդգծել է, որ այդ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի կայանա: Նա նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար «պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրվեն»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանը պետք է «հստակ նշի իր դիրքորոշումն արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ժամկետների և պայմանների վերաբերյալ»:
Բացի այդ, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կընդունի Ադրբեջանում ձևավորված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ներկայացուցիչներին: Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը պետք է «քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ»:
Բաքուն վերջին տարիներին բազմիցս հայտարարել է Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը բանակցություններում քննարկելու հանգամանքը։ 2025 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն անվանել էր Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղղակի ոտնձգություն։