Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Բաքվի առաջարկած մոտեցումն, ընդհանուր առմամբ, արդեն ընդունվել է Երևանի կողմից, Հունգարիա այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա շեշտել է, թե «խաղաղ բանակցությունների նախաձեռնողն Ադրբեջանն էր», ապա հավելել, թե «հեղինակն են նաև խաղաղության պայմանագրի տեքստի»:
«Եվ հենց այդ տեքստն է այսօր ընդունել Հայաստանը։ Իհարկե, որոշակի փոփոխություններով»,- նշել է նա:
Պատրա՞ստ է արդյոք Բաքուն պայմանագրի ստորագրմանը, Ալիևը չի նշել:
Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, երբ Երևանն ընդունել էր պայմանագրի երկու չհամաձայնեցված կետի վերաբերյալ առաջարկները՝ միմյանց դեմ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու և երրորդ երկրների ներկայացուցիչների ներկայությունը սահմանին չթույլատրելու մասին։ ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը հաստատել էր այդ տեղեկատվությունը և հայտնել, որ պատրաստ է քննարկել փաստաթղթի ստորագրման ժամկետը և վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում հայտարարել էր, որ «ի հեճուկս բոլոր սադրանքների»՝ Երևանի և Բաքվի միջև պատերազմ չի լինելու: Նա հիշեցրել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրմանը։