Տիրանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանն անվանել են Եվրամիության «կարևոր և հուսալի գործընկեր», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ԵՄ ներկայացուցիչները բարձր են գնահատել Ադրբեջանի կողմից դաշինքին ցուցաբերվող աջակցությունը հատկապես այն ժամանակահատվածում, երբ Եվրոպան էներգիայի կարիք ունի: Նրանք ընդգծել են «Ադրբեջանի կապերը Կենտրոնասիական տարածաշրջանի հետ և նրա առաջատար դերը միջին միջանցքում»:
Ֆոն դեր Լայենը և Կոշտան նշել են, որ Բաքուն նաև տարբեր կողմերի միջև երկխոսության հարթակի դեր է խաղում տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության ապահովման գործում:
Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս ԵՄ-ի հետ հարաբերություններին: Նա նաև նշել է էներգետիկ ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման մեծ հեռանկարների առկայությունը:
2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունն էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն մինչև 2027 թվականը մտադիր է կրկնապատկել գազի մատակարարումը Եվրոպա՝ հասցնելով մինչև 18 միլիարդ խորանարդ մետրի։ Եվրահանձնաժողովի նախագահն Ադրբեջանն անվանել էր ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր: