Ադրբեջանում ադրբեջանական բանակի մասշտաբներով հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվում, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Վարժանքների նպատակը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ռազմական որոշումների ընդունման գործընթացի կատարելագործումն է՝ հաշվի առնելով ստորաբաժանումների մանևրելու հնարավորությունները, ինչպես նաև պաշտպանական և հակահարձակողական գործողությունների հետ կապված հարցերի մշակումը։
Ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել բանակի գործունեությունից։
Մայիսի 11-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ հրամանատարական զորավարժություններ էին անցկացրել Նախիջևանում, իսկ մայիսի 1-ին Ադրբեջանի ԶՈւ-ն էր հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացրել այնտեղ: Փետրվարին Ադրբեջանում ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային զորավարժություններ էին տեղի ունեցել։