Հայաստանը և Իրանը երկօրյա համատեղ զորավարժություններ են անցկացրել սահմանամերձ Նորդուզ շրջանում՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, հայտնել է Mehr-ը։
«Բոլոր ազգերի հետ բարեկամությունը և տարածաշրջանի ինքնիշխանության պաշտպանությունը մեր ռազմավարական դոկտրինի հիմնասյուներն են»,- ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ավագ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մորթեզա Միրիանը:
Նա մատնանշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի լիակատար պատրաստակամությունը և անխափան համակարգումը հայ զինվորականների հետ այս զորավարժությունների կազմակերպման գործում:
Զորավարժությունները ղեկավարել է կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Վալիոլլահ Մանին։
Ըստ կայքի՝ համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում և դիտվում են որպես հստակ ուղերձ, որ Իրանը հաստատակամ է մնում խաղաղության և համագործակցության իր հանձնառությանը՝ միաժամանակ պահպանելով իր ազգային անվտանգությունն ու ռազմավարական խորությունը: Հաղորդվում է, որ Հայաստանի հետ պատմական կապեր ունեցող Իրանի համագործակցությունը համահունչ է տարածաշրջանային դիվանագիտության և պաշտպանական պատրաստակամության Թեհրանի ավելի լայն քաղաքականությանը։
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 9-10-ը Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: