Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն» է անվանել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն այն մասին, որ Բաքուն նախապայմաններ է առաջադրել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցումից հետո։
Գերատեսչությունը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջները «վերջին երկուսուկես տարիների ընթացքում բանակցային գործընթացի կարևոր թեմաներից էին»։
Նշվում է, որ Սահմանադրության պահանջները «հայկական կողմին ներկայացվել են 2023 թվականի մայիսին՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ», և «այս մասին ամբողջությամբ տեղեկացված էին նաև երրորդ երկրները»։
Բաքուն կրկնել է, որ եթե Երևանը շահագրգռված է ստորագրել պայմանագիրը, ապա պետք է փոփոխի Սահմանադրությունը, «հրաժարվի տարածքային պահանջներից» և համագործակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի հաստատել իր պատրաստակամությունը՝ սկսելու բանակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ և «զուգահեռ՝ որոշակի այլ նախապայմաններ է առաջադրում»։