Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։
«Մենք նրանց ոչ մի խոսքի չենք վստահում, որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին, նրանց ասածները մեզ համար ոչինչ չեն նշանակում: Մեզ փաստաթղթեր, թղթեր են պետք»,- Ալիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա կրկնել է Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։ Ալիևի խոսքով՝ հայկական կողմը «չի ցանկանում» միանալ Ադրբեջանին և համատեղ հայտարարություն ներկայացնել Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահը նաև կրկնել է, որ Հայաստանը «հզորացնում է իր ռազմական ներուժը»։ Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Երևանը «նոր պատերազմի է պատրաստվում»։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց են մնում։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։