Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը մերժել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների նիստ անցկացնելու և խաղաղ համաձայնագրի քննարկման առաջարկը, hայտնել է Խանդանյանը X-ում։
Հայ պատգամավորի առաջարկի հրապարակային մերժման մեջ Սեիդովը նրան անվանել է «պոպուլիստ»։
«Եթե խաղաղության ձգտումը պոպուլիզմն է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- արձագանքել է Խանդանյանը։
Նա հավելել է, որ միջխորհրդարանական մակարդակով հայ-ադրբեջանական վստահությունն ամրապնդելու իր առաջարկն ուժի մեջ է։
Մարտի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահին առաջարկել էր հանձնաժողովների նիստ անցկացնել, քննարկել խաղաղության համաձայնագրի նախագիծը և վավերացման գործընթացը։