ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը, գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթի տեղեկություններով՝ հանդիպման առաջարկը մերժել են անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ուոլցերը և Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը: Լրատվականը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ամեն կերպ փորձել են Վաշինգտոնում Փաշինյանի համար բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպել։
«Ամերիկյան կողմը չի բացառել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ հանդիպման հնարավորությունը՝ ասելով, որ կպատասխանեն միայն վերջին օրը: Պետքարտուղարությունից չեն մերժել, սակայն չեն էլ ասել, որ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն միանշնակ կընդունի Փաշինյանին: Իսկ ներկայացուցիչների պալատից ընդհանրապես պատասխան չեն ստացել»,- հավելել է թերթը։
Փետրվարի 7-ին կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը և Վենսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները։
Փաշինյանը փետրվարի 3-ից աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցել է Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթնաժողովին և «Ազգային աղոթքի նախաճաշին», ինչպես նաև հանդիպում է անցկացրել հայկական համայնքի ներկայացուցիչների և մի շարք գործիչների հետ։