Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը համաձայնության են եկել Խաչատուրյանի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցության հարցում, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։
Խաչատուրյանը Փաշինյանից ստացել է հանձնարարականներ՝ կապ հաստատել ժողովրդի հետ, խոստանալ տարբեր հարցերի արագ լուծում և զեկուցել վարչապետին։ Նախագահն արդեն սկսել է հանդիպումները քաղաքացիների հետ՝ հասարակության տրամադրություններն ստուգելու համար։
Լրատվամիջոցը պնդում է՝ նախագահն այն անձն է, որը դեռևս ինչ-որ չափով կարող է մարդկանց հետ լեզու գտնել, վերջնականապես վարկաբեկված չէ, ուստի նրան «գործուղել են» մարզեր:
Թերթի տեղեկություններով՝ նման հանդիպումները կշարունակվեն տարբեր մարզերում և, հնարավոր է, նաև Երևանի վարչական շրջաններում։
Հուլիսի 29-ին Խաչատուրյանն այցելել էր Սյունիք, որտեղ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հնչեղ հայտարարություն էր արել «Սյունիքի դարպասները բացելու» մասին՝ սա և ճանապարհի 43 կիլոմետրանոց հատվածն անվանելով երկրի զարգացման հնարավորություն։ Նա չէր մանրամասնել, թե որ ճանապարհի մասին է խոսքը։ 43 կիլոմետրանոց երկարությունը համապատասխանում է «Զանգեզուրի միջանցքին», որի բացումը Բաքուն պահանջում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար՝ Հայաստանի տարածքով։