ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է 2026 թվականին Հայաստանում մասնակցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին։
«Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները»,- Ալթայում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի իր ելույթի ժամանակ ասել է վարչապետը։
Նա վստահություն է հայտնել, որ միասին հնարավոր կլինի զգալի ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանման և բնական միջավայրի ռացիոնալ օգտագործման համաշխարհային ջանքերում։
Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կանցկացվի կենսաբազմազանության COP17 համաժողովը։ 65 ձայնով Հայաստանն ընտրվել էր որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր։ Ադրբեջանը հոկտեմբերին դիմել էր COP17-ը 2026-ին հյուրընկալելու խնդրանքով։