ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, Factor TV-ին հայտնել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման ամերիկյան ծրագրին։
Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը համաձայն է ապաշրջափակման հարցը դիտարկել ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման տիրույթում։
Եղոյանը նշել է, որ խոսքը հենց տարածքի վարձակալում նախատեսող տարբերակի մասին է, այլ ոչ թե այս կամ այն գործառույթների հնարավոր փոխանցման:
Նրա խոսքով՝ այդ տարբերակները դեռևս բովանդակություն չունեն, կան և քննարկվում են «շատ ընդհանուր գաղափարներ»:
«Մտքերի փոխանակում, շտկում կա։ Եթե ասում են «վարձակալություն», մենք ասում ենք՝ չէ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, ուրիշ բան են փորձում մտածել»,- ասել է պատգամավորը։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։ Նշենք, որ հիմնականում քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը։