Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից քննարկվող գաղափարը՝ առևտրային հաղորդակցություններն ապաշրջափակելու համար վարձակալել Սյունիքով դեպի Նախիջևան տանող ճանապարհը:
«Ամերիկացիներն, իրականում, ոչ մի նոր բան չեն առաջարկել: 2023 թվականին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խմբի ժամանակ գրեթե նույն բանն էինք առաջարկել, և արդեն մոտ էինք տրանսպորտային մայրուղիների ապաշրջափակմանը: Ցավոք, Արևմուտքի և Հայաստանի իշխանությունների ապակառուցողական ազդեցության պատճառով սա կանգ առավ»,- ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «հարգում է» առանց Ռուսաստանի միջնորդության ուղիղ երկխոսություն վարելու Հայաստանի և Ադրբեջանի ընտրությունը:
«Հարգում ենք այս ընտրությունը, նրանք ստիպված կլինեն ապրել միմյանց հետ: Մենք դեռևս պատրաստ ենք օգնել խաղաղության գործընթացին, պատրաստ ենք հարթակ տրամադրել ինչպես խորհրդակցությունների, այնպես էլ համաձայնագրի ստորագրման համար»,- նշել է Զախարովան:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։ Նշենք, որ հիմնականում քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը։