Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր աղջկա՝ Արփիի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն, հանդիպել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։
Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը կմասնակցի նաև Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ն գրել էր, որ Ալթայի Հանրապետությունում Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին կարող են լինել կուլիսային քննարկումներ Սյունիքով միջանցքի ԱՄՆ վերահսկողության մասին։
Հուլիսի 16-ին Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։ Նշենք, որ հիմնականում քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը։