ՀՀ կառավարությունը հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է որակել իսպանական Periodista Digital-ում տեղ գտած հրապարակումը, թե Երևանն ԱՄՆ-ին է «փոխանցել Սյունիքը»:
«Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով»,- նշված է կառավարության հայտարարության մեջ։
Պաշտոնական Երևանը նաև շեշտել է, որ նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։
«Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։ Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը»,- շեշտել է գործադիր մարմինը:
Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը, հուլիսի 16-ին Փաշինյանն Armenia Today-ին հաստատել էր Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը։
Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գործընթացը, ապա կհայտնվի «տրանսպորտային և քաղաքական մեկուսացման» մեջ։ Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ասել էր, որ Երևանը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը: