ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ՀՀ կառավարությանը կոչ է արել առաջնորդվել եվրոպական արժեքներով և կատարել Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշումը։ Այս մասին նա մեկնաբանել է Facebook-ում՝ կառավարության՝ ՀԷՑ-ի որոշման վերաբերյալ գրառման տակ:
«Կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեիք ներկայացնելու Ձեր դիրքորոշումը դատարանին, սակայն այն ճանաչվել է ոչ հիմնավոր»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում միակ ճիշտ ուղին դատարանի որոշման կատարումն է:
Հուլիսի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտնել էր, որ Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։ ՀՀ կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացումը ապահովող օրենքները։
Կարդացեք նաև՝