ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացման ծրագիրը նախ սկսել Վեհարանը նրանից «ազատելով», ապա կաթողիկոսական տեղապահ նշանակել որևէ ամուսնացյալ բարեվարք քահանայի, որը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։
«Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ և բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»-ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, և նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձևավորվել են 17 դարերի ընթացքում, և այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգևորականներ, կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները և այսպիսով՝ կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)»»,- գրել է նա սոցիալական ցանցում:
Փաշինյանն անդրադարձել է նաև «Վեհարանը վեհի՛» շարժմանը՝ այն ներկայացրել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևրդների շարժում»։
«Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որևէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որևէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որևէ դիրքորոշմամբ։ Բայց շարժումն առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետևյալ չափանիշներին։
Մասնավորապես, լինեն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդներ (մկրտված լինեն եկեղեցում), ամբողջ հոգով հավատան կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահք, ամեն օր աղոթեն, հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է եկեղեցու, ժողովրդի, պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»,- գրել է նա։
Վարչապետը նշել է՝ քանի որ հայտարարել է, որ առաջնորդելու է «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում է այդ չափանիշներին։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։