Ռուսաստանում գիտակցում են, որ Ադրբեջանն այն չէ, ինչ փորձում է ներկայանալ ՌԴ-ի հետ հարաբերություններում, Lenta.ru-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ում այդ գիտակցմանն են եկել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին։ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում Զատուլինն անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի բանակցություններին։
«Ադրբեջանը գնում է նրան, որ Հայաստանի ձեռքերը ոլորելով հասնի իր ուզածին՝ հեռանա նախկին պայմանավորվածություններից, որոնք ամրագրված են թղթի վրա․ օրինակ՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, դրա նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն ռուս խաղաղապահները։ Նրանք այսօր միտումնավոր սրում են հարաբերությունները, որպեսզի Ռուսաստանից չհարցնեն՝ կարելի՞ է, թե՞ ոչ, օրինակ՝ ինչպե՞ս է Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-AT) հարևան Փաշինյանը պլանավորում (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան-AT), այդ ռազմավարական մայրուղին տալ ամերիկացիների վերահսկողությանը»,- նշել է Զատուլինը։
Ըստ պատգամավորի՝ այս փուլում Ադրբեջանը Ռուսաստանի լավագույն բարեկամը ներկայանալու խնդիր չի դրել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր իր ծրագրերն իրականացնում է Թուրքիայի աջակցությամբ:
Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը, հուլիսի 16-ին Փաշինյանն Armenia Today-ին հաստատել էր Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը։
Հուլիսի 19-ին Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գործընթացը, ապա կհայտնվի «տրանսպորտային և քաղաքական մեկուսացման» մեջ։ Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել էր, որ Երևանը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը: