Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից Վեհարանն ազատելու վերաբերյալ երկու նոր գրառում է արել՝ կոչ անելով «պատրաստվել Մեծ հոգևոր հանդիպման՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Առաջին գրառման մեջ նա նշել է, որ «Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է եկեղեցու հետ և անձնական որևէ այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի»։
«Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Բ․-AT) դեռևս չի ազատել Վեհարանը՝ այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը»,- գրել է նա։
Փաշինյանը երկրորդ գրառման մեջ ընդգծել է, որ «անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են»։
«Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում։
Մայիսի 29-ից սկսած՝ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝