Հայաստանի ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) բանակցություններ են վարում՝ հաջորդ ընտրություններին «նոր ճակատով, նոր դեմքով» մասնակցելու նպատակով, տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը։
«Կողմերը, իհարկե, հերքում են և հերքելու են, քանի դեռ այն միս ու արյուն չի ստացել»,- գրել է թերթը՝ հավելելով, որ կողմերը տարբեր կոնֆիգուրացիաներ են քննարկում:
Ըստ պարբերականի՝ այս միությանը կարող են միանալ նաև «Ապրելու երկիրը» կուսակցությունը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությունը: Չի բացառվում Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) միանալը։
«Այսինքն՝ բոլոր այն անձանց և ուժերի, որոնք ո՛չ նախկինների հետ են ասոցացվում, ո՛չ ներկաների եւ կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին»,- եզրափակում է պարբերականը։