Հուլիսի 12-ին Գորիսում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ավտոճանապարհ ՀՀ տարածքով տրամադրելու հարցը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ թեման քննարկվել է դռնփակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայության։
Օրաթերթի աղբյուրների տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված էր, և ՔՊ ներկայացուցիչների մոտ տպավորություն է ստեղծվել, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի եւ եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։
«ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձևաչափով»,- գրել է թերթը։
Դռնփակ քննարկման ժամանակ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որևէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու ՀՀ-ի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու», նշվում է հրապարակման մեջ։
Հուլիսի 12-ին Գորիսում տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել էին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը և կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը։ Ավելի ուշ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։