Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրականացնում Դաշնակցության դեմ, հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
ԳՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ դրա մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողությունները, այլև այդ գործողություններին նախորդած տեղեկատվական գրոհներն ու այսօրվա ձերբակալություններին հաջորդած քաղաքական՝ մասնավորապես Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։
Կուսակցությունը նաև մեկնաբանել է խուզարկությունների ընթացքում մարտական նռնակի հայտնաբերման մասին ՔԿ-ի հաղորդագրությունը։
ՀՅԴ Հայաստանի կառույցը նշել է, որ 2016 և 2020 պատերազմների, ինչպես նաև 2022թ. Ջերմուկում ծավալված մարտական գործողությունների մասնակցի տանը, ում շահերի պաշտպանությանը փաստաբան ներգրավված չէր և հնարավոր չէր ապահովել քննչական գործողությունների օրինական ընթացքը, հայտնաբերվել է մեկ նռնակ, որով, «ակնհայտ է, անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները»։
ԳՄ-ն հիշեցրել է, որ այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերի, ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խուզարկություններ, ապա նրանք բերման են ենթարկվել Քննչական կոմիտեի Երևանի վարչություն։
Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։
«Հակառակ այս իրողությանը՝ Քննչական կոմիտեն առգրավված իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը, ներկայացրել է որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ»,- ասվում է ԳՄ հայտարարության մեջ։
Այսօր ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։
ՀՅԴ-ն հուլիսի 10-ին հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, և բերման ենթարկված՝ կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը:
Ըստ ՔԿ-ի՝ կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։