Երևանի քաղաքապետի 4 տեղակալները միասին հունիս ամսին 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով քաղաքապետարանի աշխատակազմում իր աղբյուրներին։
Թերթի հաղորդմամբ՝ մոտավորապես այդքան էլ կազմել է նրանց աշխատավարձը:
«Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների և յուրայինների: Յուրայինները բարձր և ամենամսյա պարգևավճարներ են ստանում` անգամ այն ամիսներին, երբ արձակուրդում էին և չէին կարող լավ աշխատանքի համար խրախուսվել: Իսկ աշխատակազմի մյուս մասը եռամսյակը մեկ է ստանում պարգևավճար՝ ըստ ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների»,- հավելել է թերթը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի աշխատակազմը 2023թ. և 2024թ. շուրջ 3,5 մլն դոլար պարգևավճար էր ստացել։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի տվյալներով՝ 2024թ. հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ պարգևավճարը կազմել էր ավելի քան 778 միլիոն դրամ (ավելի քան 2 մլն դոլար), 2023թ.՝ 549,3 միլիոն դրամ (1,5 մլն դոլար)։