ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կալլասը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։
Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև վիզաների ազատականացման գործընթացի շուրջ, շեշտել են, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։ Կալլասը նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ընթացքում գրանցված դրական առաջընթացը, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։
Այսօր ավելի վաղ Կալլասը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ ԵՄ-ն 270 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին՝ 2024-2027 թվականների տնտեսական կայունության և աճի ծրագրի շրջանակներում։
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։