Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, փոխանցում են կուսակցությունից։
ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկել են ՀՀԿ խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ «գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար»:
Գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո Գործադիր մարմինն առաջարկել է ազգային համաձայնության սկզբունքով կազմավորել կառավարություն:
«Խորապես ափսոսում ենք, որ անվստահություն հայտնելու՝ կենսականորեն կարևոր առաջարկն ընդդիմադիր շրջանակներում երբեմն բորբոքում է ավելորդ վեճեր, նպաստում ուժերի ջլատմանը, որի հետևանքով առաջացող ներքին անհամաձայնությունը ծառայում է բացառապես ՀՀ ներկայիս ձախողված վարչախմբի շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Կուսակցությունն ընդգծել է, որ ՀՀԿ քաղաքական առաջնահերթությունը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ իշխանափոխությունը, և որ այդ նպատակին հասնելու համար կուսակցությունը չի խուսափել ու չի խուսափելու քաղաքական պատասխանատվությունից։
ՀՀԿ-ն նաև կոչ է արել վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից, անձնական հավակնություններից և մարտավարական անհամաձայնություններից, դրսևորել համազգային միասնականություն և շարունակել ջանքերը երկրում ազգային իշխանություն հաստատելու ուղղությամբ։
Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ: