ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրը մերժել է «Քաղաքացիական պայմանագրի» նախկին, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) գրանցումը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Աղազարյանը։
Ըստ նրա՝ պետական ռեգիստրի ներկայացուցիչները որոշումը բացատրել են փաստաթղթերում (ծրագիր, կանոնադրություն), «պակասող դրույթներով», որոնք սահմանված են օրենքով։
Աղազարյանը հավելեց, որ դեռ պարզ չէ՝ ի՞նչ դրույթների մասին է խոսքը։
«Առաջին մոտարկման ժամանակ, երբ ես ծանոթացել եմ, համաձայն չեմ այդ տեսակետներին, բայց քանի որ ես իրավաբան չեմ, հետևաբար չեմ կարող վերջնական գնահատական տալ»,- նշեց պատգամավորը։
Աղազարյանը տեղեկացրեց, որ այժմ իրավաբաններն ուսումնասիրում են փաստաթղթերի մերժման հիմքերը։
«Գնահատականը կտրվի, և մենք կորոշենք՝ ո՞ր ճանապարհով ենք գնալու․ դատարա՞ն ենք դիմում, թե՞ նորից փաստաթղթեր ենք ներկայացնում՝ հաշվի առնելով դիտողությունները»,- պարզաբանեց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ կուսակցությունը գործում է՝ անկախ պաշտոնական գրանցման բացակայությունից:
«Երբ նախաձեռնեցինք կուսակցությունը, համաժողով տեղի ունեցավ, և ըստ էության, կուսակցությունը կայացավ։ Այն գրանցված չէ, բայց համախոհների բանակ ունի, հանդիպում ենք, զրուցում և մեր քայլերն իրականացնում։ Ես և Ասլանյանը վերջերս անսացինք Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի առաջարկներին (վարչապետի իմփիչմենթի գործընթաց-AT) և հանդես եկանք կուսակցության համապատասխան առաջարկությամբ, այսինքն՝ մենք գործում ենք որպես կուսակցություն։ Կարող են վաղը-մյուս օրը հարցեր առաջանալ ընտրությունների մասնակցությանը՝ այս կամ այն ֆորմատով, սակայն, ընդհանուր առմամբ, դա մեզ չի խանգարի»,- նշեց նա։
Աղազարյանը հայտարարեց՝ դիտավորություն չի փնտրում մերժման մեջ, այլ կենտրոնացած է հարցը լուծելու ուղղությամբ։
«Ինձ հետաքրքիր չէ՝ միտումնավո՞ր է արվել, թե՞ ոչ։ Մեզ մերժել են, դա մեզ համար անընդունելի իրավիճակ է, և պետք է անենք համապատասխան քայլեր։ Ես չեմ խորանում նման բաների մեջ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել՝ երբեք չգրանցեք ՄԱՍԿ-ը։ Ես նման բաների չեմ հավատում ու ոչ էլ գնում եմ դրա հետևից։ Մենք գործում ենք և վերջ»,- եզրափակեց պատգամավորը։
Մայիսի 9-ին ՄԱՍԿ-ը հայտարարել էր, որ նախաձեռնում է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Աղազարյանն ու Ասլանյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։
2024 թվականի հոկտեմբերին իշխող ՔՊ-ն Աղազարյանին հեռացրել էր իր շարքերից այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր Փաշինյանի պահանջով վայր դնել իր մանդատը։ Փետրվարին Աղազարյանն ու Ասլանյանն ստեղծել էին Միացյալ ազգային սահմանադրական կուսակցությունը։
Արաքսյա Սնխչյան