Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն կապում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով»,- ասված է Պուտինի ուղերձում:
ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին զանգի և ծննդյան բարեմաղթանքների համար։ Գործադիրից հավելել են, որ Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցով քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Վերջինս ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Փաշինյանը Միշուստինի հետ քննարկել է նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։