Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնվում է Շվեյցարիայում և, ամենայն հավանականությամբ, այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական պատասխան չի տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի կողմից հոգևորականների վարքագծի մասին մեղադրանքներին, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Գարեգին Երկրորդը մասնակցում է արցախահայության իրավունքների վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումներին և Հայաստան կվերադառնա հաջորդ շաբաթվա վերջին։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Մայիսի 30-ի առավոտյան վարչապետը մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին նրա հայտարարություններին ի պատասխան։ Փաշինյանը նաև ՀՀ իշխանություններին կոչ էր արել մասնակցել կաթողիկոսի ընտրություններին՝ պնդելով, որ կաթողիկոսի թեկանածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն։
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ՝ նշելով, որ նրանք, իբր, «չուլաններում կատարում են այլասերվածություններ և հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում»։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։
Այսօր ավելի վաղ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցում է «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես էր եկել ելույթով։