Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն Առաջին Հանրապետության 107-ամյակի տոնի առթիվ ուղերձներ են հղել՝ շնորհավորելով ժողովրդին, խոսելով հաղթական ոգու և դժվարությունները հաղթահարելու կամքի մասին։
«Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է և վտանգավոր այդ փորձը կատարողների համար։ Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը»,- նշել է Քոչարյանը։
Սարգսյանի խոսքով՝ հայ ժողովուրդը հաղթել է 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ «թվացյալ անհնարինը չի կոտրել ոգու ամրությունը»։
«Հաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատն ուժեղ գտնվեց վախից, ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը, ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից, մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը»,- ընդգծել է Սարգսյանը։
Երրորդ նախագահը հավելել է, որ մայիսյան հերոսամարտում ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք։
«Եվ վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը: Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը: Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել: Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»,- եզրափակել է Սարգսյանը։
107 տարի առաջ՝ այս օրը, 1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերից հետո հռչակվել էր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը հիմնադրվել էր հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակահատվածում և գոյատևել ընդամենը երկու տարի։ Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին Հանրապետության դերը հայոց պետականության վերականգնման գործում չգերագնահատվող է։