ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թիմում մեծ ցանկություն կա նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համագործակցության, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ երկու կողմն էլ հերքում է տեղեկությունն այն պատճառով, որ քննարկումների փուլում են, և քանի դեռ չկա պայմանավորվածություն, որոշել են արտահոսք թույլ չտալ։
Թերթի մյուս աղբյուրներն էլ հայտնել են, որ առաջին և երրորդ նախագահների միջև են քննարկումներ ընթանում, քանի որ Արման Թաթոյանը սերտ շփումներ ունի ՀՀԿ-ականների հետ։
«Այս դաշինքում ոմանք պատկերացնում են նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն նրա մերձավոր շրջապատից մեզ ասացին, որ նա առաջիկա ընտրություններին առանձին մասնակցելու մտադրություն ունի»,- տեղեկացրել է թերթը։
Լրատվականը նշել է, որ առայժմ անհայտ է ԴՕԿ-ի ղեկավար Վարդան Ղուկասյանի և նրա կուսակցության ճակատագիրը։
Թաթոյանը Հայաստանի օմբուդսմենն էր 2016-2022 թթ., ներկայումս «Թաթոյան» հիմնադրամի տնօրենն է: Նախկինում ևս նրա՝ քաղաքականության մեջ մտնելու վերաբերյալ հրապարակումներ կային: