Հայաստանի իշխանությունների դեմ հնարավոր հիբրիդային տեղեկատվական պատերազմը մեր էներգիան սխալ ուղղությամբ և սխալ տեղ ուղղորդելու փորձ է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Շարունակում եմ մնալ այն եզրակցությանը, որ այն, ինչ պետք է նկատի ՀՀ քաղաքացին, ՀՀ քաղաքացին կնկատի։ Այստեղ պետք է ավելի շատ մեր անելիքների մասին խոսենք։ Ես գոնե իմ անելիքները տեսնում եմ՝ ՀՀ քաղաքացիների հետ շփումներն ուղիղ և չմիջնորդավորված ունենալու մեջ։ Ընդ որում՝ դա երբեք չի ընդհատվել։ Եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումներն ու մարզային ակտիվ այցելություններն են այդպիսի տպավորություն ստեղծում։ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների։
«Մենք զբաղված ենք ամենօրյա աշխատանքով, և քաղաքացիների հետ շփումը դրա շատ կարևոր մասն է։ Հայաստանի սահմանամերձ գյուղերում կառուցվում է ավելի քան երկու հազար տուն, կառուցվում են մանկապարտեզներ, և ոչ մի հիբրիդային պատերազմ չի կարող դրանք ոչնչացնել»,- վստահեցրել է կառավարության ղեկավարը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» սկսելու մեջ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 6-ին, մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները, ափսոսանք էր հայտնել դրանց կապակցությամբ: