ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել է, որ Հայաստանի և հանրապետության հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը կայացրել է ՀԱՊԿ-ի հետ երկխոսություններից հետո։
Նա նշել է, որ թե՛ 2021-ի նոյեմբերին, թե՛ 2021-ի մայիսին և թե՛ 2022թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ երկխոսություններ է ունեցել ՀԱՊԿ-ի գործընկերների հետ՝ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման և դրա ռիսկերի մասին։
«Ես, տեսնելով զարգացումները, ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ եմ տեսնում։ Երբ տեղի է ունեցել 2022-ի սեպտեմբերյան պատերազմը, ասել եմ, որ ՀՀ տարածք ներխուժում է տեղի ունենամ։ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ասել են, որ իրենք դա հնարավոր չեն համարում, առավել ևս, որ իրենց համար Հայաստանի սահմանները կարմիր գիծ են»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ դաշինքի հետ այդ երկխոսությունն «անհարգալից է համարել Հայաստանի համար», ինչից հետո էլ կայացրել է տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը։
«Եվ 2022-ի հոկտեմբերի 6-ին ճանաչել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, քանի որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է նաև մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ»,- եզրափակել է նա։
Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։