Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ճանապարհային քարտեզ ԵՄ երկրների համար՝ ռուսական էներգետիկ ռեսուրսների ներմուծումը դադարեցնելու նպատակով, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ կայքի՝ փաստաթուղթը նախատեսում է ռուսական գազի մատակարարների հետ երկարաժամկետ պայմանագրերի խզում մինչև 2027 թվականի վերջը, ինչպես նաև 2025 թվականից նոր պայմանագրեր կնքելուց հրաժարվելը։ Կդադարեցվեն նաև սպոտ շուկայի (այն շուկան, որտեղ ապրանքների, արժեթղթերի կամ արտարժույթի առևտուրը կատարվում է ներկայիս գնով՝ խմբ․) գործարքները, որոնք ներկայումս կազմում են մատակարարումների ծավալների մեկ երրորդը։
ԵՄ ծրագիրը չի սահմանափակվում միայն հեղուկացված բնական և խողովակաշարային գազով։ Միությունը մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ուրանի և այլ միջուկային նյութերի ներմուծումը (կոնկրետ միջոցառումները կներկայացվեն հաջորդ ամիս):
Փաստաթղթում ասվում է, որ Հունգարիան և Սլովակիան՝ որպես ռուսական նավթից ամենաշատ կախված երկրներ, պետք է մինչև 2027 թվականը պատրաստեն մատակարարումներն աստիճանաբար դադարեցնելու ծրագրեր: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս երկրների դիմադրությունը, Եվրահանձնաժողովը չի բացառում, որ հնարավոր չի լինի հասնել ռուսական նավթից հրաժարվելու միաձայն որոշման, և դրա փոխարեն ստիպված կլինի դիմել մաքսատուրքերի և քվոտաների ներդրմանը: