Տարածաշրջանային համագործակցության «3+3» (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ, 168․ am-ին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին։
Նրա խոսքով՝ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
«Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,- ասել է դեսպանը։
Ըստ դեսպանի՝ ռուսական կողմը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ողջունել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն հենց կողմերի կողմից:
«Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր»,- նշել է ռուս դիվանագետը:
Կոպիրկինի խոսքով՝ ՌԴ-ն դեմ չէ արևմտյան երկրների ցանկացած ակտիվությանը և ներկայությանը տարածաշրջանում, այլ կարևոր է, թե «ինչ իրական նպատակներով ու խնդիրներով են արտաքին խաղացողները գալիս Հարավային Կովկաս»։
«Ցավոք, մենք վաղուց ենք արձանագրել՝ տարածաշրջանում ակտիվացող արևմտյան պետությունների բարի նպատակներով հռչակագրերի հետևում թաքնված են ոչ բարի մտադրություններ»,- ասել է դեսպանը։
3+3» ձևաչափը Ռուսաստանի և Թուրքիայի կողմից առաջարկվել էր 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այն ներառում է հարավկովկասյան երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև երեք հարևան ուժեր՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Ձևաչափի նպատակն է խորացնել համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի, անվտանգության և այլ ոլորտներում, ինչպես նաև նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։
Վրաստանն, ի սկզբանե, թերահավատորեն էր վերաբերվել նախաձեռնությանը։ Պաշտոնական Թբիլիսին հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանի հետ նման ձևաչափով փոխգործակցությունն անընդունելի է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։