Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ապրիլի 29-30-ը Վալենսիայում անցկացված համագումարի ժամանակ Հայաստանի վերաբերյալ արտակարգ բանաձև է ընդունել։
Բանաձևում ԵԺԿ-ն հիշեցրել է հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակելու անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղ էթնիկ հայերի երաշխավորված վերադարձի իրավունքի մասին։
«Այս քայլերն արտացոլում են Հարավային Կովկասում իրական խաղաղության, կայունության և համագործակցության հանձնառություն: Քաղբանտարկյալների ազատ արձակումը և մշակութային, կրոնական ու քաղաքացիական իրավունքների պահպանման հուսալի երաշխիքների ստեղծումն ամբողջ տարածաշրջանում կդիտվի որպես երկխոսության հաջորդ փուլ, որը նաև անկյունաքար կհանդիսանա երկրների միջև համագործակցության երկարաժամկետ խորացման համար»,- նշվում է բանաձևում։
ԵԺԿ-ն բարձր է գնահատել իր հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության վերջին ջանքերը: Նշվում է, որ Հայաստանը շարունակում է կառուցողական և հեռատես մոտեցում ցուցաբերել՝ կառուցողական երկխոսության մեջ մտնելով Թուրքիայի հետ:
«Հայաստանը շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի հետ շարունակական խաղաղության բանակցություններում՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրներին»,- ասվում է բանաձևում:
ԵԺԿ-ն ՀՀ-ի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրին Հայաստանի մասնակցության կասեցումը որակել է որպես «Կրեմլի ազդեցությունից դուրս գալու» պատրաստակամություն։
ԵԺԿ-ն նաև բարձր է գնահատել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը։
«Այս քայլը վերահաստատում է հայ ժողովրդի առկա հանձնառությունը երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը և հստակ ճանապարհ է հարթում ԵՄ-ի հետ ավելի խորը ինտեգրման ճանապարհին»,- ասվում է բանաձևում:
ԵԺԿ-ն ողջունել է ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը՝ որպես երկրի ինտեգրման հաջորդ փուլ ԵՄ-ում։