Հայաստանը կքննարկի հայ մարզիկների մասնակցությունն Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք կքննարկենք և որոշում կկայացնենք մոտ ապագայում»,- նշել է նա՝ չհայտնելով, սակայն, ստացե՞լ են հրավեր, թե՞ ոչ։
Հարցին, թե արդյոք հայկական կողմն, ընդհանուր առմամբ, հակվա՞ծ է մասնակցել Բաքվում կայանալիք խաղերին, նախարարը շեշտել է, որ դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։
«Որոշումները կկայացվեն, երբ բոլոր տեղեկությունները հասանելի լինեն»,- հավելել է Անդրեասյանը։
Բաքուն այսօր՝ ապրիլի 23-ին, հայտարարել էր, որ հայ մարզիկներին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին։
Այդ խաղերն ընդգրկում են 23 մարզաձև։ Մրցումները կանցկացվեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը՝ Գյանջայում (Գանձակ), Մինգեչևիրում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում, Եվլախում և Ստեփանակերտում: